Արհեստական բանականությամբ համակարգեր

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Արհեստական բանականությամբ համակարգեր

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոն

Արհեստական բանականությամբ համակարգերն ունակ են իրականացնել այնպիսի աշխատանքներ ու գործողություններ, որոնք սովորաբար պահանջում են մարդկային (բնական) բանականություն։ Այդ համակարգերը ժամանակի ընթացքում կատարելագործվում են` հնարավորություն ունենալով սովորել նախկին փորձառությունից, հարմարվել նոր տվյալներին և կարողանալ իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք բնականորեն ասոցացվում են մարդկային բանականության հետ, օրինակ` խոսքի և պատկերների ճանաչումը, վճիռների կայացումը, թարգմանությունը և այլն

Արհեստական բանականությամբ համակարգեր կրթական ծրագրով նախատեսվում է Python ծրագրավորման լեզվի, մեքենայական ուսուցման համապատասխան բաժինների՝ ղեկավարվող ուսուցման (Supervised Learning), չղեկավարվող ուսուցման (Unsupervised Learning) և խրախուսմամբ ուսուցման (Reinforcement Learning) հիմունքների ուսուցում, նեյրոնային ցանցերի և դրանց տարատեսակների մանրամասն ուսումնասիրություն և կիրառում, բաշխված և  ամպային հաշվողական համակարգերի հետազոտություն և կիրառում, մեծածավալ տվյալների վերլուծության գործիքակազմի տիրապետում։

Արհեստական բանականությամբ համակարգեր կրթական ծրագիրն ընդգրկում է երկու ընտրովի կառուցամաս`

  1. Մեքենայական ուսուցում, որի շրջանակներում ուսանողն ուսումնասիրում է մեքենայական ուսուցման հիմունքները, բնական լեզուների մշակման ալգորիթմները և  գեներատիվ մոդելները։
  2. Տվյալների վերլուծություն, որի շրջանակներում ուսանողն ուսումնասիրում է տվյալագիտության խորացված ուսուցման, տվյալների բանական վերլուծության(Data Mining) և տեքստերի ավտոմատ մշակման հիմունքները։

Արհեստական բանականությամբ համակարգեր մասնագիտության նպատակն է`

  • Ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ տեղեկատվական և արհեստական բանականությամբ համակարգերի ոլորտների զարգացման համար՝ ապահովելով տարբեր նշանակությամբ համակարգերի արդյունավետությունը, այդ թվում ֆինանսաբանկային, բիզնես գործառույթների և էլեկտրոնային կառավարման, ավտոմատացված նախագծման, բնական խոսքի մշակման և ճանաչման, նկարների և տեսանյութերի վերլուծության, օբյեկտների ավտոմատ հայտնաբերման, դեմքերի ճանաչման, մեծածավալ տվյալների վերլուծության և այլն։
  • Պատրաստել տեղեկատվական և արհեստական բանականությամբ համակարգերի ոլորտի ճարտարագետ մասնագետներ՝ բանկային գործի, տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերի ստեղծման, էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային բիզնեսի և առևտրի կազմակերպման, անօդաչու թռչող սարքերի կառավարման, ինչպես նաև մեքենայական ուսուցման և տվյալների վերլուծության գործընթացների կազմակերպման համար:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս՝

  • Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST),
  • «Դիփռեդ մեդիա» ՍՊԸ (Hierbee,ai),
  • «ԻՄՊՐՈՎԻԶ ԷՅՐՈՍՓԵՅՍ ԸՆԴ ԴԻՖԵՆՍ» ՍՊԸ ,
  • «Կրիսպ» ,
  • «DISQO Armenia»,
  • «ԴատաԱրտ»ՍՊԸ,
  • «Մետրիկ» ՍՊԸ,
  • «Սմարթ Քլիք»,
  • Ֆայմտեք ՍՊԸ,
  • «Միկրոսիստեմ» ՍՊԸ,
  • Տոմսկի պոլիտեխնիկական համալսարան,
  • Նովոսիբիրսկի պոլիտեխնիկական համալսարան:
  • Կիևի ԳԱԱ «Էներգետիկայի պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտ»: